Հայաստանի համար մոտենում է պահը. Թուրքիան մատնեց Նախիջևանի խնդիրը

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ Թուրքիան բացել է Նախիջեւանի հետ սահմանը, որը փակել էր երկու օր առաջ՝ կորոնավիրուսի վտանգի պատճառով…
Թուրքիայի այդ որոշումն Ադրբեջանում առաջացրել էր վրդովմունք, թե ինչու՞ է Անկարան փակում սահմանը այն դեպքում, երբ Ադրբեջանում չկա կորոնավիրուսի տարածում: Բաքվի մամուլում դժգոհություն էր հնչում, որ Անկարան Նախիջեւանի սահմանը փակել էր առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու…

Իրավիճակն էլ ավելի արտառոց դարձրեց դրանից ժամեր անց ադրբեջանական մամուլի մեկ այլ տեղեկություն, որ Նախիջեւանի հետ սահմանը փակել է նաեւ Իրանը: Դա եւս տարօրինակ էր. կորոնավիրուսը տարածվել էր Իրանում, բայց սահմանը փակում է ոչ թե Ադրբեջանը՝ անվտանգության համար, այլ հենց Իրանը…
Մամուլը հայտնել էր, որ փաստորեն Նախիջեւանի բոլոր սահմանները փակ են եւ մնացել է միայն Բաքվի հետ օդային կապը: Գրում էին Նախիջեւանում խուճապի, սննդի մեծ ծավալի գնումների եւ դրա հետեւանքով թանկացումների մասին…

Փետրվարի 25-ին Էրդողանի Բաքու այցի ընթացքում հարցը քննարկվել է, եւ Թուրքիան կայացրել է Նախիջեւանի հետ սահմանը բացելու որոշում…
Ինչու՞ էր Անկարան փակել Նախիջեւանի հետ սահմանն ու փաստորեն նպաստել այնտեղ խուճապի տարածմանը, եւ հետո բացել՝ Ալիեւի հետ քննարկելու արդյունքում: Դա շատ նման է Բաքվի վրա ճնշման, որ Էրդողանը գործադրեց Ալիեւին հանդիպելուց առաջ: Ի՞նչ է կորզել Թուրքիան Ադրբեջանից՝ Նախիջեւանի հարցում այդպիսի ճնշման գնալով: Եվ այն, ինչ կորզել է Անկարան՝ վերաբերում է Նախիջեւանի՞ն, թե՞ այլ հարցերի…

Հատկանշական է, որ Էրդողանի այցին զուգահեռ Բաքվի քարոզչամիջոցներում հայտնվեցին կարծիք-վերլուծություններ, որոնց իմաստն այն էր, թե Նախիջեւանի ապագան Ադրբեջանի եւ Թուրքիայի որոշելիք հարցն է…
Նախիջեւանի կարգավիճակը որոշվել է 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրով, որով այն խլվել է Հայաստանից ու հանձնվել Ադրբեջանին, պայմանով, որ չի հանձնվելու որեւէ երրորդ կողմի: 2021 թվականին կլրանա այդ պայմանագրի 100-ամյակը: Միջազգային իրողություններն ու զարգացումները հուշում են, որ Մոսկվան ու Անկարան անխուսափելիորեն կանգնելու են պայմանագրից եթե ոչ ամբողջական հրաժարման, ապա էական, սկզբունքային վերանայումների անհրաժեշտության առաջ…

Իսկ այստեղ կա նաեւ Իրանի հարցը: Անկասկած է, որ այդ շրջանը լինելու է Թուրքիային ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ Իրանի պահանջների առարկա: Անկարան պատրաստվում է դրան, հատկապես Աստանայի եռակողմ՝ Իրան-Ռուսաստան-Թուրքիա ձեւաչափի ճգնաժամի ֆոնին…
Էրդողանն Ալիեւից ըստ ամենայնի պահանջում է որեւէ կերպ փակել Նախիջեւանի հանդեպ որեւէ այլ հավակնության ճանապարհ, Թուրքիային թողնելով տնօրինության բացառիկ իրավունք: Հավանաբար փոքրիկ խուճապը, որ սադրել է Անկարան, ունի այդ նպատակը: Մյուս կողմից, սակայն, իր հերթին խուճապ է սադրել նաեւ Իրանը, եւ Բաքուն ըստ ամենայնի չի կարող անտեսել այն…

Մնում է հարցը, թե Ալիեւին Նախիջեւանի հարցում ինչ ազդակ կհղի Ռուսաստանը…
Միեւնույն ժամանակ, Մյունխենում Ալիեւի հետ դեբատին վարչապետ Փաշինյանը խոսել է Նախիջեւանի հայաթափման մասին: Իսկ նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանի ԱԳՆ-ն հիշատակել էր Նախիջեւանի Ագուլիս բնակավայրում հայկական ջարդերի 100-րդ տարելիցը եւ ակնարկել Նախիջեւանի հանդեպ հայկական իրավունքի մասին…
Ըստ ամենայնի, Երեւանի համար մոտենում է ակնարկից իրավունքի ձեւակերպմանն անցնելու ժամանակը…

Понравилась статья? Поделиться с друзьями: