Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Անահիտ Չուբարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը՝ նշելով, որ դիմումի պատճառը առողջական խնդիրն է:
Ստացվում է, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կլուծարվի՞, քանի որ նախորդիվ խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու մասին դիմումներ էին ներկայացրել խորհրդի անդամներից եւս 15-ը: Մալխասյանը միայն ասաց, որ այլեւս խորհրդի անունից որեւէ բան մեկնաբանել չի կարող:
ԵՊՀ կանոնադրության 40-րդ կետի համաձայն՝ հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին։ Բուհի հոգաբարձուների խորհրդը 32 անդամ ունի: Չուբարյանի հեռանալով ստացվում է, որ մնում են միայն 16 հոգի: Ինչը նշանակում է, որ նրանք այլեւս չեն կարող անցկացնել իրավազոր նիստեր, եւ փաստորեն պետք է ձեւավորվի նոր խորհուրդ՝ նոր կազմով:
Հիմնադրամների մասին օրենքի 23-րդ հոդված 7-րդ կետը սահմանում է հետեւյալը. «Եթե հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների լիազորությունների դադարման դեպքում երկամսյա ժամկետում հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա Հայաստանի
Հանրապետության արդարադատության նախարարը երկամսյա ժամկետում նշանակում է 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ: Ժամանակավոր խորհուրդը պարտավոր է քայլեր ձեռնարկել սույն օրենքով սահմանված կարգով հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման համար»:
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձեւավորվում է հետեւյալ սկզբունքով՝ 25-ական տոկոս ներկայացուցիչներ են ունենում կառավարությունը, կրթության եւ գիտության նախարարությունը, բուհի պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական անձնակազմը:
Եթե վերջերս ընդունված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը երկամսյա ժամկետում ուժի մեջ մտնի , ԵՊՀ խորհուրդը կձեւավորվի այդ օրենքով նախատեսված սկզբունքով, ինքը, սակայն, քիչ հավանական է, քանի որ ինչպես երեկ հայտնի դարձավ՝ նախագահն այն չի ստորագրել եւ ուղարկել է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրության հետ նրա առանձին դրույթների համապատասխանությունը պարզելու նպատակով:
Իսկ առայժմ ԵՊՀ-ն փաստորեն չունի հոգաբարձուների խորհուրդ, որը բուհի կառավարման բարձրագույն մարմինն է: Ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը եւս, հիշեցնենք, այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա, սակայն, կպաշտոնավարի մինչեւ մայիսի 17-ը: