Մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար մեղադրվող Սերժ Սարգսյանի գործով նյութերին ծանոթանալու համար կողմերին տրամադրվել է 4 օր: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ հայտնելով, որ քրեական գործը թղթային մասով 4 հատոր է, բայց կան նաեւ լրացուցիչ կրիչներ:
Այսօր հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող սույն քրեական գործով նախաքննությունն ավարտվել է: Մեր զրույցում ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց, որ վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել`գործով մեղադրական եզրակացություն կազմելու և դատարան ուղարկելու համար:
Գործի նախաքննության վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:
— Պարոն Մակինյան, ինչպե՞ս եք գնահատում նախաքննության ընթացքը, ըստ Ձեզ՝ բացթողումներ կա՞ն:
— Քրեական գործի նյութերին շատ հպանցիկ ծանոթանալը վերահաստատեց իմ այն հայտարարությունը, որ մեղադրանքը շինծու է, իհարկե, ավելի մանրամասն այդ մասին կխոսենք գործի նյութերին ամբողջությամբ ծանոթանալուց հետո, բայց այժմ կարող եմ ասել, որ պարոն Սարգսյանին ենթարկում են քաղաքական հետապնդման, քանի որ ապացույցների բավարար համակցություն այս գործով չկա եւ չի կարող լինել:
— Քանի՞ հատոր է քրեական գործը, որքա՞ն ժամանակ է տրամադրվել նյութերին ծանոթանալու համար:
— Քրեական գործը թղթային մասով 4 հատոր է, բայց կան նաեւ կրիչներ՝ լազերային սկավառակներ, որոնք ավելի մեծ՝ մոտ 1 գեգաբայթ ծավալով տեղեկություններ են պարունակում: Նյութերին ծանոթանալու համար տրամադրվել է 4 օր ժամանակ: Մենք միջնորդել էինք, որ տրամադրվեր առնվազն 6 օր, սակայն որոշում է կայացվել ծանոթացման ժամկետը սահմանափակելու մասին, այսինքն՝ պարոն Սարգսյանի իրավունքների խախտումը շարունակվում է, հիմա էլ ժամանակ չի տրամադրվում գործի նյութերին ամբողջ ծավալով պատշաճ ծանոթանալու եւ օրենքով սահմանված կարգով միջորդություններ ներկայացնելու համար:
— Նախաքննության ավարտ հայտարարվել է մա՞յր գործով, թե՞ կա նաեւ անջատված մաս:
— Ես չեմ հասցրել նյութերին ծանոթանալ ամբողջ ծավալով, չեմ կարող ասել:
— Ձեր պաշտպանյալի մասնակցությամբ նոր առերեսումներ, քննչական նոր գործողություններ իրականացվե՞լ են:
— Որեւէ նոր գործողություն, նոր առերեսում չի եղել, մեղադրանքում եւս փոփոխություններ չկան:
— Իսկ ի՞նչ ապացույցեր են դրվել մեղադրանքի հիմքում:
— Ես շատ հպանցիկ եմ հասցրել ծանոթանալ, եւ որեւէ ապացույց չեմ կարող բնորոշել, քանի որ որպես այդպիսին, ապացույցեր չկան, կա շինծու մի ցուցմունք, որի հիման վրա կառուցված է այս քրեական գործը:
— Խոսքը գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի ցուցմունքի մասի՞ն է:
— Չեմ կարող ասել, թե ում ցուցմունքի մասին է, միայն կարող եմ հաստատել, որ կա շինծու ցուցմունք:
— Պարոն Մակինյան, Դուք նշել էիք, որ ԶԼՄ-ներից եք տեղեկացել Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման մասին: Այդ որոշումը ի վերջո Ձեզ տրամադրվե՞ց, կարո՞ղ եք նշել կալանք դնելու հիմքերը:
— ԶԼՄ-ներից տեղեկանալուց հետո պահանջել եւ ստացել ենք այդ ոոշումը, բայց հիմքեր դրանում նշված չեն: Գույքի վրա դրված արգելանքը անհիմն է, ինչն էլ բողոքարկել ենք դատախազին: Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, որ գույքի վրա կալանք դնելը քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ գործով հավաքված ապացույցները բավարար հիմք են տալիս՝ ենթադրելու, որ մեղադրյալը կամ այն անձը, որի մոտ գտնվում է գույքը, կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել: Ես հիմա կարող եմ հաստատապես պնդել, որ քրեական գործով այդպիսի ապացույցներ չկան, քննիչը պարզապես ենթադրություններ է գրել, թե այդ գույքը կարող է սպառվել, օտարվել:
— Իսկ Սերժ Սարգսյանին պատկանող ամբո՞ղջ գույքի վրա է արգելանք դրված թե՞ մի մասով:
— Քննիչի որոշմամբ՝ կալանք է դրվել պարոն Սարգսյանին պատկանող գույքի՝ մեղադրանքի որոշման մեջ նշված չափով:
— Գործի նյութերին ամբողջությամբ ծանոթանալուց հետո պատրաստվո՞ւմ եք միջնորդություններ ներկայացնել:
— Անպայման ներկայացնելու ենք. միջնորդության եզրափակիչ մասը լինելու է քրեական գործով ապօրինի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Բայց ես անկեղծ ասեմ՝ որեւէ հույս չունեմ, որ ՀՔԾ-ում սկսված այս պրոցեսը կդադարեցվի: Ակնհայտ է, որ այս պրոցեսը այլ՝ քաղաքական նպատակներ է հետապնդում: Որպես մեղադրյալ ներգրավելու համար ապացույցների բավարար համակցություն չկա, քրեական գործ չկա: Հիշեցնեմ, որ քննիչը պարոն նախագահին մեղադրանք առաջադրեց առերեսումը ավարտելուց 2 րոպե հետո: Դա նշանակում է, որ այդ վեց թերթանոց որոշումը նրա սեղանին ուղղակի դրված էր, այսինքն՝ ի սկզբանե որոշված էր, որ որպես մեղադրյալ պետք է ներգրավվի՝ անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, ինչ ապացույց ձեռք կբերվի կամ ձեռք չի բերվի:
— Իսկ Ձեր պաշտպանյալն ի՞նչ դիրքորոշում ունի քրեական գործի վերաբերյալ:
-Պարոն նախագահը մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում եւ գնահատում է, որ սա քրեադատավարական փաթեթավորմամբ քաղաքական հետապնդում է:
Հիշեցնենք՝ ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Վատնման եղանակով մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում են եւս չորս անձ:
Նրանցից մեկը «Ֆլեշ»ի Բարսեղ անունով հայտնի Բարսեղ Բեգլարյանն է, ում նկատմամբ եւս որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մյուսը, մեր տեղեկություններով, Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն է: Մեղադրյալներից երկուսն էլ Գյուղատնտեսության նախարարության նախկին աշխատակիցներ են: