Խորհրդային իշխանության օրոք, երբ բացարձակապես մերժված ու անընդունելի էր որևէ ազգային գաղափարախոսություն, պարտադրված լռության էր մատնված նաև Հայոց ցեղասպանության հիշատակումն ու զոհերի հիշատակի ոգեկոչումը:
1965թ. ապրիլի 24-ին, երբ բազմաթիվ երկրներում նշվում էր Մեծ Եղեռնի 50-ամյակը, բազմահազարանոց ցույցեր կազմակերպվեցին Երևանում, ինչպես նաև հանրապետության մյուս քաղաքների կենտրոնական հրապարակներում:
Ընդառաջելով հանրության պահանջներին` ՀԽՍՀ Նախարարների Խորհուրդը 1965թ. մարտի 16-ին որոշում կայացրեց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի կառուցման վերաբերյալ:
Այստեղ անգնահատելի է հատկապես Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի կատարած աշխատանքը, ով ջանք չխնայեց Մոսկվային համոզելու դրա անհրաժեշտության մասին: Մինչև հուշահամալիրի կառուցումը,
հայ ժողավուրդը Հայոց ցեղասպանության զոհերին իր հարգանքի տուրքը մատուցում էր` այցելելով Կոմիտասի անվան պանթեոն, իսկ 1967թ. ի վեր մարդկանց բազմահազարանոց թափորը շարժվեց դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք:
1965թ. ապրիլին հայտարարվեց համազգային մրցույթ` կոթողի լավագույն նախագծի համար: Հայտարարության մեջ ասվում էր. «Կոթողը պետք է մարմնավորի ստեղծագործ հայ ժողովրդի մաքառումներով լի կյանքը,
վերապրելու, առաջադիմելու նրա անսպառ կենսունակությունը, նրա ներկան ու պայծառ ապագան` ի հավերժացումն իրենց կյանքը նվիրաբերած 1915թ. Մեծ Եղեռնի միլիոնավոր նահատակների անմար հիշատակի»:
Մրցույթին մասնակցեցին ինչպես տեղացի, այնպես էլ սփյուռքահայ ճարտարապետների հեղինակած 69 նախագծեր` («Ժայռ», «Փյունիկ», «Մուշ», «Ղողանջ», «Կրակ», «Կարմիր ծաղիկ» և այլ ծածկագրերով): Ընտրվեց «ՀՍՍՌ Դրոշակ» ծածկագրով նախագիծը, որի հեղինակներն էին ճարտարապետներ` Արթուր Թարխանյանը և Սաշուր Քալաշյանը:
Ճարտարապետներից յուրաքանչյուրը պարգևատրվեց 100-ական ռուբլով: Կառույցի վայրն ընտրել էին հեղինակները: Շինարարության ժամանակ բազալտե հիմքի մեջ հայտնաբերվեցին բրոնզեդարյան մշակույթի առարկաներ: Շինարարության ֆինանսավորումը կազմեց 400 հազար ռուբլի, կառուցում էր «Երքիմշինտրեստը »,
Շինարարության ղեկավարը Արտավազդ Օրդուխանյանն էր։ Ի դեպ նա ծնվել է հենց ապրիլի 24ին։ Կոթողի բացումը, որը տեղի ունեցավ 1967թ. նոյեմբերի 29-ին, Խորհրդային Հայաստանի 47-րդ տարեդարձի օրը, վերածվեց քաղաքական, մշակութային խոշոր իրադարձության:
Հազարավոր մարդկանց թվում Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու էին եկել Խորհրդային Հայաստանի կառավարության ղեկավարները` Ա. Քոչինյանը, Ն. Հարությունյանը, Գ. Տեր-Ղազարյանը, Ռ. Խաչատրյանը, Լ. Ղարիբջանյանը: Սգո երթը հուշահամալիր շարունակվեց մինչև ուշ գիշեր:
աղբյուր