Լիանա Կարապետյանի կալանավորման որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել

«Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանի կալանավորման որոշումը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Կարապետյանի պաշտպան Ալեքսան Խաչատրյանը:

Հունվարի 29-ին Վերաքննիչ դատարանը բավարարել էր Դատախազության բողոքը, եւ Լիանա Կարապետյանը կալանավորվել էր: Մինչ այդ նա գրավի դիմաց ազատ էր արձակվել Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ:

Կարապետյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը): Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Понравилась статья? Поделиться с друзьями: