Լավ լուր. Ալիևն ընդունեց պարտությունը

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Ենի Ադրբեջան» կուսակցության հաղթանակի առթիվ…

Մեր պետությունների միջեւ ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդման հույս ունեմ, ասվում է Ալիեւին Պուտինի շնորհավորական ուղերձում: Պուտինն Ալիեւին եւ նրա զինակիցներին նոր հաջողություններ է մաղթել…

Պուտինի շնորհավորական ուղերձում էական է անկեղծ բառը: Եթե Պուտինը պարզապես շնորհավորեր, Ալիեւին կարող էր թվալ, թե նա հեգնում է իրեն, քանի որ բոլորն էլ գիտեն, թե ինչպիսի «հաղթանակ» է եղել այն…

Միեւնույն ժամանակ, Պուտինի ուղերձում բացակայում են ազատ ընտրություններ, ժողովրդավարություն եւ նման այլ հասկացությունները: Նա շնորհավորում է հենց հաղթելու հանգամանքը, կարեւոր չէ՝ թե ինչպես, ինչը խիստ հոգեհարազատ է ՌԴ նախագահի կենսափիլիսոփայությանը…

Միեւնույն ժամանակ, Պուտինի անկեղծությունն ունի այլ պատճառ: Բանն այն է, որ ընտրության նախօրեին ԵԽ-ն ընդունեց Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին բանաձեւը: Բացի այդ, ԵԽ-ն եւ ԱՄՆ-ն խիստ գնահատականներ տվեցին խորհրդարանի արտահերթ ընտրությանը…

Ինքն Ալիեւը նույնքան խիստ դատապարտեց արեւմտյան կառույցներին՝ Ադրբեջանի հանդեպ խտրական վերաբերմունքի, առաջընթացը չնկատելու եւ այլնի համար: Նա հայտարարեց, որ չի կատարելու ԵԽ պահանջները…

Այսպիսով, Ալիեւը խոստովանեց Արեւմուտքի ուղղությամբ իր քաղաքականության տապալումը: Երկար տարիներ այն կառուցվում էր երկու ուղղությամբ՝ «Եվրոպայի էներգետիկ անվտանգության» եւ էներգետիկ գործոնն օգտագործելով՝ սեփական խնդիրները լուծելու փորձերի վրա…

Սակայն Բաքվում գերագնահատում էին սեփական ռեսուրսների նշանակությունը գլոբալ խնդիրներում, իսկ վերջին տարիներին այդ գործոնն ընդհանրապես զրոյացվել է: Դրա վկայությունն է այն, որ արեւմտյան նավթային ընկերությունները հեռանում են Բաքվից…

Մյուս կողմից, տապալվեց նաեւ լոբբինգի ողջ սխեման, որը հիմնված էր եվրաչինովնիկներին կաշառելու վրա: Այս կապակցությամբ բացահայտումները եւ սկանդալային հրապարակումները եվրոպական կառույցներին ստիպեցին հեռու մնալ Ադրբեջանից…

Ալիեւին չհաջողվեց ստորագրել նաեւ Եվրամիության հետ համաձայնագիրը, քանի որ ԵՄ-ն հրաժարվեց դրանում ամրագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին տողը…

Իր հերթին, խնդիրներ առաջացան նաեւ ռուսական ուղղությամբ, որտեղ, պետք է նշել, Ալիեւը առավել մեծ հույսեր ուներ: Այստեղ Բաքուն գրանցեց որոշակի հաջողություններ, մասնավորապես սպառազինությունների մատակարարման եւ Արցախում ստատուս քվոյի փաստացի ճանաչման Վիեննայի օրակարգը չեզոքացնելու ուղղությամբ…

Ռուսաստանում, ի տարբերություն Եվրոպայի, ադրբեջանական կաշառքները չեն բացահայտվում: Միեւնույն ժամանակ, ապրիլյան պատերազմից հետո Բաքուն իր հետ ծուղակը մտցրեց նաեւ Ռուսաստանին, որից հետո Մոսկվայում նույնպես որոշակի զգուշավորությամբ սկսեցին հարաբերվել Բաքվի հետ…

Ներկայում, Բաքվի արեւմտյան ուղղությամբ քաղաքականության տապալումից հետո Մոսկվայի քաղաքական-մեդիա շրջանակներում որոշակի աշխուժություն կա այս կապակցությամբ, ինչն արտահայտվել է Պուտինի անկեղծ շնորհավորանքում` ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդման հույսով…

Դա «պուտիներենից» թարգամանաբար նշանակում է, որ Ռուսաստանը հույս ունի Ադրբեջանը ստանալ անվճար, ինչի գրավականն անկասկած հայկական շահերի անձեռնմխելիությունն է մասնավորապես Արցախում…

Ի՞նչ արտաքին քաղաքական կուրս կվարի Բաքուն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, ռազմական ու խավիարային դիվանագիտությունների տապալման եւ Սիրիայում ռուս-թուրքական լարման ներկայիս փուլի պայմաններում…

Բաքվում, չնայած Ալիեւի կուսակցության հաղթանակին եւ իշխանության տրանզիտի թվացյալ կայունությանը, իրականում բավական բարդ իրավիճակ է, քանի որ այդ սխեմաներն այնքան էլ միանշանակ չեն: Այս առումով, Բաքվում իրավիճակի բանալին նաեւ Հայաստանի ձեռքին է…

Понравилась статья? Поделиться с друзьями: