Իրենք են գլխավոր պատասխանատուն. Խաչատուրովն ու Սերժ Սարգսյանը պետք է «բերման ենթարկվեն» քննիչ հանձնաժողով

«Ինչ է նշանակում հրաժարվել է ներկայանալ։ Այդ քայլը նշանակում է թշնամություն մեր երեխեքի նկատմամբ։ Խաչատուրովն էլ, Սերժ Սարգսյանն էլ պետք է ներկայանան քննիչ հանձնաժողով ու պատասխանեն բոլոր հարցերին։ Չեն գալիս, թող բերման ենթարկեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը՝ անդրադառնալով ԱԺ քննիչ հանձնաժողով ԳՇ նախկին ղեկավար Յուրի Խաչատուրովի չներկայանալուն։

Հիշեցնենք, որ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը նախօրեին նամակով հրաժարվել է ներկայանալ քննիչ հանձնաժողով։ «Քաջ գիտակցելով ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովին չներկայանալու իմ իրավունքը` Ձեր կողմից ինձ ուղարկված գրության մեջ խնդրել եք հաշվի առնել «հարցի բարոյական և քաղաքական կողմերը»` մոռացության մատնելով այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաև «ՀՀ Զինվորական ծառայության անցնելու մասին» օրենքը սահմանում են, որ ՀՀ զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն, և որ զինծառայողը (այդ թվում՝ պահեստազորի և պաշտոնաթող) իրավունք չունի

անդամակցել որևէ կուսակցության, կրոնական կամ արհեստակցական միության, պաշտոնական դիրքն օգտագործել ի շահ քաղաքական կուսակցությունների, կրոնական, հասարակական միավորումների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության, ուստի որևէ գործողություն իրականացնելիս ես ուղղակի չեմ կարող հաշվի առնել հարցի «քաղաքական» կողմը և դրանով նպաստել որևէ «քաղաքական» դիրքորոշման ստեղծմանը»,- գրել է Յուրի Խաչատուրովն իր նամակում՝ հավելելով, որ ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը որևէ իրավասություն չունի «բարոյական գնահատական» տալ որևէ իրադարձության։

Արմենակ Ուրֆանյանի մայրը նշեց, որ եթե հարկ լինի, իրենք՝ ծնողներով, կդիմեն ԱԺ ղեկավարությանը, որպեսզի երկարաձգվի ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը, որպեսզի «այս մութ պատմությունը բացահայտվի»։ «Իրենք բոլորը պետք է պատժվեն։ Դա է մեր ցանկությունը»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

 

Ի դեպ, նախօրեին քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ անհրաժեշտության դեպքում կարող են դիմել նաև Ապրիլյանի զոհերի հարազատներին։ Տիկին Համեստն ասաց, որ մեծ սիրով, իրենց հնարավորության սահմաններում, կաջակցեն քննիչ հանձնաժողովին, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա։

Понравилась статья? Поделиться с друзьями: