«Իմ ու Հայկի սերը չէր անցել, ուղղակի քնել էր»․ Նարինե Դովլաթյան

Երգչուհի Նարինե Դովլաթյանին հանդիպեցի Լոս Անջելեսում։ Համերգային շրջագայության էր եկել։ Դուստրը՝ Նանեն, թե՛ համերգի ժամանակ, եւ թե՛ հարցազրույցի ընթացքում մեր կողքին էր։ Իսկ զրուցը ժամանակ առ ժամանակ ընդհատվում էր փոքրիկի լացի կամ ծիծաղի ձայնով։ Մայրանալուց հետո Նարինեի բացառիկ հարցազրույցը՝ BRAVO.am-ին։

Ավելի վաղ մեզ տված հարցազրույցում Արմեն Ամիրյանը պատմել էր, որ որդին ամուսնացել է Նարինե Դովլաթյանի հետ:

— Ե՞րբ զգացիք, որ առանձնահատուկ եք միմյանց համար:

— Հայկի հետ ծանոթ ենք 12-13 տարեկանից։ «Արմենակոբ»-ում միասին մանկական հաղորդում էինք վարում։ Այն ժամանակ, իհարկե, երեխա էինք ու չէինք կարող խոսել այդ մասին, բայց հիմա, երբ նայում ենք նկարները, մեր ժպիտներից ամեն ինչ հասկանալի է դառնում։ Մեր սերը տիեզերական էր։ Իրականում սերը չէր անցել, ուղղակի քնել էր։ Ես եւ Հայկը չենք սիրում հանրայնացնել մեր առօրյան. միայն մեկ անգամ եմ ընտանեկան լուսանկար հրապարակել, որ մարդիկ իմանան՝ ամուսնացել եմ ու ընտանիք ունեմ։ Երբեմն այնքան ջանք ու եռանդ են թափում Ինստագրամում երջանիկ երեւալու համար, փոխարենն այդ եռանդը պետք է ներդնել՝ կյանքում երջանիկ լինելու համար։

— Ինչպե՞ս որոշվեց երեխայի անունը:

— Ուզում էինք հայկական անուն դնել, եւ երբ կարդում էինք թագուհիների, աստվածուհիների անունները, պարզեցինք՝ Նանեն ողջախոհության եւ իմաստության աստվածուհին է։ Այդպես որոշեցինք Նանե անվանել։

— Տարիներ առաջ ասել էիր՝ հայ տղաներն ամենալավն են, խելացի են, այլ լավ հատկանիշներ էլ էիր նշել։ Հայկի մեջ գտար այդ ամենը։

— Որեւէ հատուկ հատկանիշի համար չեմ ընտրել. Հայկն ունի ամենալավ մարդկային որակները:

— Ասում են՝ ամուսնությունը սահմանափակում է մարդու ազատությունը:

— Բացարձակ, Հայկն ամեն հարցում օգնում է ինձ։ Գիտի՝ երաժշտությունն իմ կյանքն է։ Ամուսնությունը չպետք է սահմանափակի մարդուն, այլ ընդհակառակը՝ իրար պետք է աջակցեն, օգնեն, որպեսզի ամեն մեկը հասնի իր երազանքներին։ Սերն այդպիսին է՝ եթե ուզում ես դիմացինդ երջանիկ լինի, ամեն ինչ պետք է անես նրա համար։

— Իսկ դժվա՞ր է Արմեն Ամիրյանի հարսը լինելը։

— Նա մեծ մշակույթ ունեցող մարդ է ու այսօր էլ շարունակում է իր ազգանվեր գործունեությունը, բայց ինքն ինձ համար միշտ եղել է Հայկի պապան, հիմա արդեն՝ Նանեի պապիկը։

— Իսկ մայր լինելը դժվա՞ր է:

— Դժվար է, բայց շատ հաճելի։ Կյանքդ միանգամից փոխվում է։ Շատ եմ պահել քրոջս երեխաներին ու միշտ մտածում էի, որ այդ սիրուց առավել սեր չկա։ Մենք 7 երեխա ենք՝ 6 աղջիկ, 1 տղա։ Փոքր ժամանակ ասում էի՝ «Մա՛մ, ես էլ քեզ պես 7 երեխա եմ ունենալու»։ Իսկ երբ ունեցա Նանեիս, հասկացա՝ ինչքան դժվար է ամեն ինչ, բայց ոչ՝ անհնար։

— Սոցիալական էջերումդ ընտանիքիդ գրեթե չես անդրադառնում:

— Եթե երգչուհի չլինեի, այդ էջերը չէի էլ ունենա։ Դրանք նրա համար են, որպեսզի իմ երգերը տարածեմ աշխարհով։

— Տարբեր ոճերում ես երգում, ստեղծագործում։ Այս համերգին էլ կատարեցիր Կոմիտասի «Ալ այլուղս» երգը: Ի վերջո գտա՞ր քոնը։

— Ժամանակին ասում էի՝ միայն ջազ, հետո պարզեցի, որ փոփի մեջ էլ լավ երգեր կան։ Մեր ժողովրդական երգերի մասին էլ չխոսեմ։ Վահան-Տեր Առաքելյանը եղել է տատիկիս քեռին, հույս ունեմ՝ նրանից եմ ժառանգել երգելու ունակությունը։ Վահան Տեր-Առաքելյանը Կոմիտասի աշակերտն էր ու նրա հետ զուգերգ ունի։ Դեռ փոքրուց ապրել ու սնվել եմ Կոմիտասի երգերով, բայց բեմում երգել վախենում էի։ Հետո հասկացա՝ Կոմիտասը չի գրել, որ մենք արձանի պես պահենք, պիտի շարունակենք կատարել: Ու գտել եմ այն տարբերակը, երբ կարելի է չփոխել բնօրինակը, բայց նորովի ներկայացնել։

— Պատրաստվում ես հեղինակային ալբոմ թողարկել։

— Այո, այդ ստեղծագործությունները ծնվել են վերջին մի քանի տարիների ընթացքում։ Ամենաբուռն տարիներն էին: Չէի կարողանում խոսել, ամբողջ օրը մեկուսացած նվագում էի, ու շատ երգեր ծնվեցին։ Ի վերջո որոշեցի՝ պետք է ալբոմ թողարկեմ։ Երգ ունեմ, որի բառերի հեղինակը Հայկն է։ Հիշում եմ՝ երաժշտությունը լսեց, մի 20 րոպեից բառերն ուղարկեց։ Ստեղծագործելու, ալբոմ ձայնագրելու ու ընտանիք ստեղծելու շրջան էր։

— Ասում ես՝ եթե երգչուհի չլինեիր, սոցցանցերում էջեր չէիր ունենա, բայց երբեմն քաղաքական իրավիճակների հետ կապված սթորիներ ես հրապարկում։

— Դե՛, չեմ կարող անտարբեր լինել, երբ ազգ ու երկիր ենք կորցնում։ Շատ եմ քննադատվել այդ ամենի համար. ասել են՝ շատ էմոցիանալ եմ, բայց ուղղակի մարդ եմ, հայ եմ մինչեւ երգչուհի լինելը։ Տարիների արյան գնով պահած մեր երկիրը կորցնում ենք, ո՞նց։ Անզորությունից չգիտեմ՝ ինչ անեմ։ Ինձ օգնում է ստեղծագործելն ու ընտանիքս։ Ասում են՝ եթե ուզում եմ փոխել աշխարհը, գնա եւ սիրիր ընտանիքդ։ Եթե ամեն մեկը սիրի իր ընտանիքը՝ աշխարհն ավելի լավը կլինի։

— Նկարահանվեցիր սերիալում, հետո, սակայն, այլ նախագծերում քեզ չտեսանք, ինչո՞ւ։

— Հիմա էլ եթե սցենարը, թիմը դուր գա, սիրով կնկարահանվեմ։

— Միշտ առանձնացած ես եղել շոու բիզնեսից, չե՞ս հետեւում հայկական երգարվեստին:

— Միշտ իմ աշխարհում եմ եղել։ Երբեք չեմ համեմատվել ոչ մեկի հետ, իմ ճանապարհով եմ առաջ գնացել։ 9 տարեկան էի, երբ եկա քաղաք ու ապրեցի առանց մամայի. ամեն օր լացում էի դպրոցում, բայց քիչ-քիչ ընտելացա ու միանգամից մեծացա։ Երգի թատրոն էի հաճախում։ Հենց լացում էի, ուսուցչուհիս՝ Քրիստինե Պեպելյանը, նստեցնում էր ծնկներին, գովում ու ասում էր՝ տարբերվող ձայն ունեմ։ Այդ ժամանակ Քրիստինեն, երեւի, 19-20 տարեկան էր։

— Երբեւէ եղե՞լ է, որ կոտրվես ու որոշես այլեւս չերգել։

— Եղել է, բայց հանգամանքները չպետք է ազդեն երազանքներիդ ու էությանդ վրա։ Կարող ես կոտրվել, հուզվել, հետո հավաքվել ու առաջ գնալ։ Հիշում եմ՝ մայրս անընդհատ երգացնում ու ասում էր՝ իմ աստղը մի օր կփայլի, ու ես հավատում էի մայրիկիս։ Ընտանիքս միշտ աջակցել է, նույնիսկ եղել են պահեր, երբ որոշել եմ այլ ինստիտուտ ընդունվել, մերոնք թույլ չեն տվել՝ ասելով, որ երգչուհի եմ ու պետք է Կոնսերվատորիա ընդունվեմ:

— Նարինե, զրույցի ամբողջ ընթացքում Նանեն «ձայնակցում» էր մեզ, նրան քնեցնելիս երգո՞ւմ ես:

— Բոլորը պատկերացնում են, որ եթե երգչուհի ես, ապա դասական կամ շատ լուրջ ստեղծագործություններ պետք է երգես, բայց այդպես չէ։ Սկզբից երգում էի ջազային երգեր, հիմա ամեն ինչ, միայն թե քնի ու լաց չլինի (ծիծաղում է,-խմբ․): Թե ինչ ուղի կընտրի, չեմ կարող ասել, ուղղակի կուզեմ, որ երջանիկ լինի։ Հայկը հումորով ասում է՝ երաժշտական բոլոր գործիքները պետք է նվագի։

— Հարց, որը նյարդայնացնում է քեզ:

— Մի ժամանակ հարցնում էին՝ «Բա ե՞րբ ես ամուսնանում», հիմա ասում են՝ «Ո՞նց, միս չե՞ս ուտում»:

Զրուցեց՝ Արմինե Գեւորգյանը/Bravo.am/

Լուսանկարները՝ հեղինակի եւ Նարինե Դովլաթյանի անձնական արխիվից

Понравилась статья? Поделиться с друзьями: