Էրդողանը հայտարարել է պատերազմի մասին. Պուտինի որոշումը

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Իդլիբում տեղի ունեցողի առնչությամբ հնարավոր է կիրառել պատերազմ ձեւակերպումը: Նրա խոսքով, Թուրքիան սկսել է ռազմական գործողությունը եւ չի նահանջի, քանի դեռ չի նահանջել սիրիական բանակը…

Սիրիայի բանակին աջակցելու եւ Իդլիբի ապառազմականացված գոտու շուրջ պայմանավորվածությունը չհարգելու համար Թուրքիան մեղադրում է Ռուսաստանին եւ Իրանին…

Ռուսաստանն իր հերթին ասում է, որ Թուրքիան չի ապահովել պայմանավորվածությամբ ստանձնած պարտավորությունը եւ չի զսպել ահաբեկչական խմբավորումներին…

Նախօրեին ռազմական գործողություն սկսած թուրքական միավորներին ռմբահարել է ռուսական ավիացիան, այդպիսով օգնելով սիրիական բանակին հետ մղել թուրքական գրոհն Իդլիբի ուղղությամբ…

Էրդողանը հայտարարել է, որ փետրվարի 21-ի երեկոյան իր ու Պուտինի միջեւ հեռախոսազրույցից է կախված հետագա գործողությունները: Միաժամանակ, նա քննարկել է հարցը Մակրոնի եւ Մերկելի հետ, որոնք ավելի վաղ խոսել էին Պուտինի հետ: Նրանք առաջարկում են մարտի առաջին օրերին անցկացնել քառակողմ հավաք-քննարկում Իդլիբի հարցում…

Ամերիկյան Բլումբերգը հայտնել էր, որ Թուրքիան օգնություն է խնդրել ԱՄՆ-ից՝ ռուսական ռազմական ավիացիայի դեմ, սակայն ամերիկյան կողմն առայժմ ձեռնպահ է մնում Իդլիբի հարցում Թուրքիային անմիջական օժանդակություն հայտնելուց…

Եթե Դամասկոսը վերասկողության տակ վերցնի Իդլիբը, ապա դա կլինի լուրջ հաղթանակ Մոսկվայի համար, առաջին հերթին Անկարայի նկատմամբ: Մոսկվան թույլ կտա՞ իրեն այդպիսի «ճոխություն», կբավականացնի՞ համարձակությունը: Ակնառու է, որ դրա համար թերեւս հարկ կլինի պայմանավորվել ԱՄՆ հետ: Պուտինը ակնարկել է այդ պատրաստակամության մասին…

Բայց նախ խնդիր է այն, թե ինչ մոտեցում կգերակայի Ռուսաստանում վերջնական որոշման առումով: Որովհետեւ Թուրքիայի հանդեպ այդ հաղթանակը Ռուսաստանից պահանջելու է հետագա նույնքան լուրջ սպասարկում, այդ թվում նաեւ կովկասյան եւ հայկական ուղղությամբ քաղաքականության էական վերանայում, Հայաստանի եւ հայկական իրավունքի ճանաչում…

Պատրա՞ստ է դրան Մոսկվան, թե՞ այնտեղ գերիշխում են մարգարիտասիմոնյանական տրամադրություններ ու զգացումներ, որոնց համար Հայաստանի անկախությունն ընդամենը հեգնանքի, ոչ թե հարգանքի առարկա է…

Համենայն դեպս, ռուսական հեղինակավոր փորձագիտական շրջանակներում խոսում են, թե Սիրիայում Թուրքիայի պարտությունը Մոսկվային պետք չէ: Դրան զուգահեռ, Ռուսաստանի սպաների միության ղեկավար, գեներալ Լիպովոյը օրերս հայտարարել էր, որ Թուրքիան կանգ չի առնելու եւ նրա նպատակը Հալեպն է, Օսմանյան կայսրության վերականգնումը, ոչ միայն Իդլիբը: Ռուս գեներալի համոզմամբ, Թուրքիային պետք է կանգնեցնել…

Ո՞ր թեւը կհաղթի Ռուսաստանում, Պուտինին կհամոզեն պայմանավորվե՞լ Էրդողանի հետ հերթական անգամ, թե՞ Մոսկվան Ասադին կօգնի ավարտել Իդլիբի վերահսկողության ռազմարշավը, Թուրքիային առաջին անգամ ցույց տալով իր տեղը…

Понравилась статья? Поделиться с друзьями: