Սցենարիստ Անահիտ Աղասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մի զույգի, ում ճանաչում եմ անհիշելի ժամանակներից, մշտական վեճերը հասցրին վերջնական բաժանման. կինը Փաշինյանի համակիրն է, ամուսինը՝ Քոչարյանի:
Տան մթնոլորտը չփչացնելու համար երկուսուկես տարի նրանք զգույշ էին խոսում իրար հետ, ամեն մեկն իր մտահոգությունները կիսում էր ծանոթների հետ, թաքուն՝ հեռախոսով խոսելիս փակվելով լոգարանում: Երկու տարվա ընթացքում օտարացման ճեղքվածքը վերածվեց անդունդի:
Պատերազմը, պարտությունը, հակամարտ հրապարակների կռիվը, գերլարված նյարդերն ավելի պրկեցին .
«Դրանք թալանել են երկիրը…»
«Լավ են արել: Որ չթալանեին՝ էդ շուբաներդ, էդ մեքենադ ինչով՞ էի առնելու, ըստ պահանջի պահել եմ քեզ…»
«Թքեմ ՛ երեսիդ…»:
Շարունակ լսում եմ ՝ քաղաքական հիվանդագին տարաձայնությունների պատճառով իրարից երես են թեքել հին ընկերներ, բարեկամներ, քույր-եղբայր…Նույնիսկ թշնամացել:
Քաղաքական իրավիճակներն անցողիկ են, դրանք արագ փոփոխվելու հատկություն ունեն: Վաղն ուրիշ իրավիճակ է լինելու, իսկ դուք՝ իրար կորցրած: Արժե՞ արդյոք թանկ բաները զոհաբերել անցողիկին…Նժարին դրեք, չափեք: