«Եվրատեսիլ»-ի A Little Bit More շոուի շրջանակում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը կատարել է «Եվրատեսիլ 2017»-ի հաղթող՝ Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալի Amar Pelos Dois երգը։ Հայ երգչուհին եվրոպացիների ամենասիրելի
երգերից մեկը ներկայացրել է նույն մեղմությամբ, բայց, իհարկե, սեփական մոտեցմամբ, ինչը եւս դուր է եկել մրցույթի երկրպագուներին։ Նրանք իրենց ոգեւորությունն են արտահայտել մեկնաբանությունների հարթակում՝ փաստելով, որ Բրյունետի
կատարումը չի զիջել իր հուզականությամբ։ A Little Bit More-ի շրջանակում «Եվրատեսիլ 2023»-ի մասնակիցները երգում են մրցույթի տարբեր տարիների ներկայացուցիչների երգերը՝ նոր մոտեցմամբ եւ ռեմիքսային տարբերակներով։ Բուն մրցութային օրերը
սկսվելու են մայիսի 9-ից։ Այդ օրը կկայանա «Եվրատեսիլ 2023»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը։ Մայիսի 11-ին նախատեսված է երկրորդ կիսաեզրափակիչը, որի շրջանակում երկրորդ համարի ներքո կներկայանա նաեւ Հայաստանի ներկայացուցիչը՝ կատարելով
Future Lover երգը, որն այս պահի դրությամբ մրցույթի յութուբյան ալիքում ունի մոտ 5 միլիոն դիտում․ սա լավագույն ցուցանիշներից է։ Մրցույթի եզրափակիչը մայիսի 13-ին է։ «Եվրատեսիլ 2023»-ն անցկացվելու է Լիվերպուլում։
style.news.am