Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել և կարիերայում երրրոդ անգամ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: 61 կգ քաշայինների եզրափակչում Արսեն Հարությունյանը
գոտեմարտեց Ալբանիայի ներկայացուցիչ Զալիմխան Աբակարովի հետ և 5:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ։ Հարությունյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 7:0 հաշվով առավելության էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Էմրահ Օրմանօղլուի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում
հայ ըմբիշը 10։0 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող հայազգի ըմբիշ Արման Էլոյանին: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը 3:2 հաշվով հաղթել է սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար: Վճռորոշ գոտեմարտում նրա մրցակիցը կլինի Վրաստանի ներկայացուցիչը: