Արման Նշանյանն օրերս պատմեց հոլիվուդյան նախագծում հանդես գալու մասին։ Դերասան-երգիչն այս շրջանում ներկայացրեց նաեւ երաժշտական նորություն՝ հանրության դատին հանձնելով «Միեւնույն է գարուն է» տեսահոլովակը։
Ստեղծագործության շուրջ Արմանը համագործակցել է հայտնի երգահան Մարինե Ալեսի հետ։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Նշանյանն ասաց, որ համագործակցությանը երկու կողմն էլ երկար էր սպասել։ Տարիներ առաջ Արման Նշանյանը Մարինե Ալեսի ամենասիրված ստեղծագործություններից մեկը՝
«Պատրանքի թևովը» կատարելու փորձ էր ունեցել։ «Երբ այս անգամ Մարինե Ալեսն ինձ ներկայացրեց իր նոր ստեղծագործությունը, այն միանգամից դիպավ սրտիս՝ երեւանյան կոլորիտով էր եւ խորը․ զարմանալի չէր, որովհետեւ Մարինեի բոլոր աշխատանքներն էլ
խորն են եւ ոչ դյուրամարս։ Երբ դաշնամուրի միջոցով ներկայացրեց երգը, նոստալգիկ ապրումներ ունեցա․ խոսքերն էլ, որոնց հեղինակը կրկին Մարինե Ալեսն է, հանճարեղ էին»,-ասաց դերասանը։ Այնուհետեւ Ալես-Նշանյան ստեղծագործական միությանը միացավ
նաեւ երգահան Անդրանիկ Բերբերյանը՝ ստեղծագործությանն արդիական գործիքավորում հաղորդելու նպատակով։ Ըստ նրանց՝ երգն իր սկզբնական տարբերակից փոփոխության չի ենթարկվել։ «Երեքս էլ չենք փորձում ստեղծել այնպիսի մի բան, որն, առաջին հերթին,
մասսայական կլինի։ Մենք չունենք նման նպատակ, փոխարենը, որպես ստեղծագործողներ, հավատարիմ ենք մեր սկզբունքներին՝ փորձելով ստեղծել մի բան, որը մնայուն եւ խորը կլինի։ Տեսահոլովակը նկարահանելու որոշում կայացնելուց հետո հասկացանք, որ
չենք ցանկանում, որ այն պատմություն ունենա, քանի որ դա կխանգարի հենց երգի պատմությանը, արդյունքում՝ մեզ միացավ ռեժիսոր Օլգա Մուրադյանը՝ տալով մեր պատմությանը էսթետիկ կադր»։ Ըստ Նշանյանի՝ տեսահոլովակ ներկայացնելով նրանք պարզապես արխիվացնում
են իրենց աշխատանք․ «Մենք չենք հավակնում, որ «Միեւնույն է գարուն է» երգը պետք է ունենա մեծ դիտումներ, թեպետ, իհարկե, հաջողության չափանիշն այսօր նաեւ դիտումների քանակով է որոշվում, սակայն կարող եմ փաստել, որ այս երգը երգելիս՝ մեծ
հաճույք եմ ստացել, այն է, ինչ ցանկանում եմ կատարել։ Բացի այդ, ըստ Մարինե Ալեսի՝ երգը վստահել է ինձ, քանի որ իրեն որպես ստեղծագործողի՝ պետք էր կատարող, ով կներկայացներ, կվերապրեր այս երգը։ Ֆանտաստիկ խոսքեր է գրել, փորձել եմ
ներկայացնել այս պատմությունը՝ օգտվելով այն հանգամանքից, որ դերասան եմ»։ Արման Նշանյանի խոսքով ՝ իրենց ստեղծագործական միությունը շարունակական է լինելու։ «Քանի որ մենք միմյանց մեջ տեսնում ենք երաժշտական համախոհներ, նույն երաժշտական
ալիքի վրա ենք, այս ամենը միայն սկիզբն է։ Լիահույս ենք, որ շուտով նոր աշխատանքներ կներկայացնենք, որոնք կգտնեն իրենց լսարանին, ի վերջո, Մարինե Ալեսի շատ երգեր լսարանն անգիր գիտի՝ անկախ տարիքից։ Առհասարակ, որքան էլ վերջին տարիներին
հիմնականում զբաղվում եմ ֆիլմարտադրությամբ, երաժշտական կատարումներով ավելի հաճախ հանդես գալու որոշում եմ կայացրել»,-ամփոփեց Արման Նշանյանը։ Հավելենք, որ ամիսներ առաջ Նշանյանը նկարահանվել է ռեժիսոր Մայք Հեթոնի եւ պրոդյուսեր
Ասկո Ակոպյանի «Հոլիվուդյան կողոպուտ» ֆիլմում, որի առաջին մանրամասները Արման Նշանյանը, Ասկո Ակոպյանը, Մայք Հեթոնն ու Թիլ Շվայգերը վստահել էին NEWS.am STYLE-ին։ Ֆիլմի աստղային կազմում ներառված են նաեւ Ալեք Բոլդուինը եւ Միքի Ռուրկը։
NEWS.am STYLE