Սյունե Սևադան գրում է. Արիանայի ծնունդն է այսօր` երկրորդը` առանց իր ֆիզիկական ներկայության: Արին մարդ էր, որի հպումը քո կյանքին միշտ հետք էր թողնում:
Արին երգում էր, պարում էր, գրավում էր սարեր եւ սրտեր, մի վայրկյանում փոխում գծած ճանապարհդ կամ կյանքդ, արագ որոշումներ կայացնում` դիպուկ, հստակ, ուղիղ` իր խաղացած շախմատի ու ապրած
կյանքի պես: Հայաստանն այնքան սիրեց, որ մա հից հետո անգամ ինքն էստեղ մնաց: Արիանան ինձ նվիրեց համարձակություն` շատ ավելի բարդ տեքստեր գրելու, սովորեցրեց պատասխանատվության, որովհետև իր մտքերը ես էի լսում ու դարձնում հայերենով խմբագրականներ, նվիրեց
«Ճամփորդի» թիմը, ու չգիտեմ` արդյոք երբևէ էլի կունենամ նման տաք աշխատավայր: Արին ինձ նվիրեց հրաշալի ընկերներ, որոնք միայն գործի չէ` կյանքի ընկեր են ու կողքիս ցանկացած հարցով:
Լիքը հիշողություններ մնացին, լիքը իրեր ու օրեր: Մնաց իր սոցիալական էջը, որ համառորեն բոլորիս ընկերների ցանկում է, ու երեխայական միամտությամբ բացում ու թերթում ենք, կարդում մեր նամակագրությունը…
Արիանան չկա: Բայց կա մի ահռելի շնորհակալության ու սիրո զգացում, որ ուր էլ լինի` հասնելու է իրեն: Ու ես միշտ գրելու եմ իր մասին, որ չմոռանաք այն ֆիլիպինուհուն, որը եկավ մեր երկիր, սիրեց Հայաստանն ու Արցախը սեփական հայրենիքից առավել: Եկավ ու հավերժ կմնա այստեղ: Շնորհավոր ծնունդդ, մեր Արի: