Արթուր Վանեցյանից հետո ԱԱԾ-ում բազմաթիվ վանեցյաններ են մնացել․ ավելի վատթար վիճակ է ոստիկանական համակարգում

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ կապված մամուլի հարձակումների մասին հրապարակումը հերթական անգամ օրակարգ է բերել երկրում տեղեկատվական անվտանգության, կեղծ և մանիպուլյատիվ տեղեկատվության տարածման, դրա միջոցով քարոչզության ու հակաքարոզչության հարցը:

Խնդիրն իրականում ավելի խորքային է և առնչվում է այն իրողությանը, որ մեր երկրում որևէ մեկը, անգամ ու այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց ընտանիքներն ապահովագրված չեն մանիպուլյատիվ ու կեղծ տեղեկատվության միջոցով թիրախ դառնալու սպառանալիքից:

Հարցն ավելի է սրվում այն համատեքստում, որ նախկին իշխանության ներկայացուցիչները տիրապետում են հսկայական տեղեկատվական ռեսուրսների ու պատրաստ են դրանք օգտագործել անգամ ամենաստոր նպատակներով՝ չխնայելով ընդդիմախոսներին ու նրանց ընտանիքի անդամներին:

Այս երևույթը՝ արտահայտման իմաստով լինելով տեղեկատվական, իրականում խորը քաղաքական պատճառներ ունի:

Սա ուղղակի հետևանք է այն իրողության, որ հետհեղափոխական քաղաքական թիմն իշխանության գալով չիրականացրեց այն նվազագույն անհրաժեշտ քայլերը, որոնք կբացառեին նման տեղեկատվական պատերազմները:

Վեթինգ, անցումային արդարադատություն, դատական համակարգի իրական բարեփոխումներ, անցյալ երկու տասնմյակների իրավաքաղաքական գնահատական…

Սա այն պարտադիր քայլերի ոչ ամբողջական ցանկն է, որն իշխանությունը պարտավոր էր անհապաղ իրականացնել հեղափոխությունից հետո:

Սակայն դա տեղի չունեցավ, ինչի արդյունքում նախկին իշխանության հետ ամենասերտ ու օրգանական կապերով կապված պետական կառավարման համակարգը, իրավապահ կառույցները, դատական համակարգի առանձին շերտեր դիրքավորվեցին, ինչպես իրենք են ասում՝ խրամատներում ու այսօր քաղաքական ու տեղեկատվական պատերազմներ են մղում ինչպես գործող իշխանության, այնպես էլ հասարակության դեմ՝ ընհանուր առմամբ:

Այստեղ խնդիրը միայն առանձին վերցրած անձերը կամ համակարգերը չեն:

Խնդիրն այն մտածողությունն ու այն աշխարհայացքն է, որը քաղցկեղի նման տարածված է եղել ու է` պետական կառավարաման համակարգում, իրավապահ մարմիններում, դատական իշխանությունում:

Այդ մտածողությունն ամեն օր արտահայտվում է որևէ կերպ՝ երբեմն ուղղակի հակաիշխանական, երբեմն էլ՝ իրականում նահապետական դրսևորումներով:

Իսկ իշխանությունն ուղղակի մոլորության մեջ է՝ կարծելով, թե այս կամ այն պետական պաշտոնյայի փոփոխությունը կարող է լուծել այս խնդիրը:

Իրականում, Արթուր Վանեցյանից հետո ԱԱԾ-ում բազմաթիվ վանեցյաններ են մնացել, ավելի վատթար վիճակ է ոստիկանական համակարգում՝ միջակ մասնագիտական հմտություն ունեցող, վախվորած և նախկին համակարգերի հետ սերտորեն կապված անձանց բարձր պաշտոնների նշանակումները դրա ապացույցն են։

Առաջացած խնդիրները, համակարգային, իսնտիտուցիոնալ բնույթ ունեն, որոնք առանց հայեցակարգային, ռեֆորմիստական մոտեցումների չեն կարող լուծվել: Իշխանությունը մինչև օրս չի գնում այդպիսի լուծումների՝ ակամա սնուցելով նախկին համակարգի ու նրանց նորահայտ սատարողների՝ ամեն ինչի պատրաստ գործելաոճը:

Այնպես որ, պետք է սպասել նոր սկանդալային բացահայտումների»:

Понравилась статья? Поделиться с друзьями: