ԵԱՏՄ-ն դիտարկում ենք նաեւ երրորդ երկրների հետ մեր տնտեսական հարաբերությունները լավացնելու համատեքստում։ Այդ մասին այսօր՝ հունվարի 25-ին, Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում հրավիրած իր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Հայաստանը ԵԱՏՄ-ում պատրաստվո՞ւմ է հանդես գալ նոր նախաձեռնությամբ.
«Մենք պատրաստվում ենք ԵԱՏՄ-ում շատ ակտիվ շարունակել աշխատել, որովհետեւ կարծում ենք, որ այս մեկուկես տարվա մեր փորձը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ-ում իսկապես շատ չօգտագործված պոտենցիալ կա։ Ասեմ, որ ԵԱՏՄ-ն դիտարկում ենք նաեւ երրորդ երկրների հետ մեր տնտեսական հարաբերությունները լավացնելու համատեքստում, որովհետեւ կարծում եմ՝ ԵԱՏՄ-ի անդամ լինելը նաեւ Հայաստանի ներդրումային գրավչությունը կոնկրետ դեպքերում էականորեն ավելացնում է»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նոր գաղափարներից մեկն այն է, որ ԵԱՏՄ տնտեսական-բիզնես ֆորում տեղի ունենա՝ ամեն տարվա գագաթնաժողովը նախագահող երկրի մայրաքաղաքում։
«Ոսկերչության նախաձեռնությունը նույնպես շատ կարեւոր է։ Առաջարկում ենք՝ եկեք, ստեղծենք հատուկ ԵԱՏՄ դրոշմակնիք, եւ ԵԱՏՄ տարածքում արտադրված բոլոր ոսկերչական արտադրանքները կրեն այդ դրոշմակնիքը, եւ դա լինի մեր համատեղ բրենդը։ Մեզ դա կօգնի, որ արտաքին շուկաներում ավելի մեծ հաջողությամբ եւ կոնսուլիդացված գործենք»։