Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում գտնվող տոհմական առանձնատներից մեկում ոստիկանությունը երեք երեխայի դիակ է հայտնաբերել։ Ոստիկանությունը երկու տղա եւ մեկ աղջիկ երեխաների մահը որակել է «անբացատրելի»։ Այս մասին գրում է Daily Mail-ը, մանրամասնելով, որ ողբերգությունը տեղի է ունեցել Նյուքասլ ավանում, որը գտնվում է Դուբլինի մոտակայքում։
Երեկոյան ժամը յոթի մոտերքը, ավանի բնակիչները նկատել են փողոցներով թափառող մի կնոջ, որը հոգեկան անհավասարակշիռ մարդու տպավորություն է գործել, կամ ինչպես ականատեսներն են ասել, կարծես թե ցնորված է եղել։ Նա պատմել է ավանի բնակիչներին, որ իր տանը շոկային, անբացատրելի բան է տեղի ունեցել, եւ ինչ որ բան այն չէ։
Ոստիկանները մտել են տուն եւ հայտնաբերել երեք երեխաների դիակները։ Հետաքրքրականն այն է, որ դիակների վրա բռնության եւ ոչ մի հետք չի հայտնաբերվել։ Կինը տեղափոխվել է հիվանդանոց։ Նա մոտ քառասուն տարեկան է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն հայտնի է միայն այն, որ այն սենյակում, որտեղ դիակներն են հայտնաբերվել, լուսամուտագոգին ինչ որ գրություն է եղել։