«Այս ամբիոնից կարելի է ասել, թե սյունեցին այսպես պետք է լինի, այնպես պետք է լինի…։ Ինչ է, դո՞ւք եք որոշում՝ ինչպիսին պետք է լինի սյունեցին»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանն՝ անդրադառնալով իմքայլականների՝ սյունեցիների վերաբերյալ հայտարարություններին։
Նրա խոսքով, որակումներ պետք չէ տալ, եթե մարդիկ պետք է անցնեն իրավական գործընթացով, թող անցնեն. «Դո՞ւք եք որոշում՝ ով է խուլիգան, ով՝ ոչ։ Խնդրում եմ շատ զգույշ լինել, երբ խոսում եք մարդկանց մասին։ Այս երեք տարիների ընթացքում մենք սևի և սպիտակի բաժանեցինք մեր հասարակությանը և հիմա այն ներմուծում ենք նաև Սյունիքի մարզ՝ ասելով, որ կան լավ սյունեցիներ, որոնք մեր կողքին են, և կան ոչ այնքան լավ՝ վատ սյունեցիներ, որոնց հակաէսթետիկ բառապաշարով ենք սկսում նկարագրել:
Այդպես խոսողներին ես կառաջարկեի գնալ Սյունիք, կանգնել Շուռնուխում և խոսել նման կերպ», — ասաց Աննա Գրիգորյանը։ Նա հավելեվ, որ երկրում թիվ մեկ խնդիրը պետք է համախմբումը լինի, ոչ թե հերթական անգամ բաժանարար գծեր անցկացնելը: