Անդրեն վերահրապարակել է «Ամէն. Հայր Սուրբ» տեսահոլովակը, որը ադրբեջանական հարձակման հետեւանքով հեռացվել էր երգչի յութուբյան ալիքից: Տեսահոլովակը նկարահանված է Արցախում, ինչն էլ, երգչի խոսքով, պատճառ է դարձել, որ այն թիրախավորվի թշնամու կողմից.
«Բնականաբար, թիրախավորել են այս տեսահոլովակը, քանի որ այն նկարահանված է Արցախում: Ինձ, առհասարակ, թիրախավորում են դեռեւս «Եվրատեսիլ»-ից սկսած: Այն ժամանակ հարձակվել էին պաշտոնական կայքիս վրա՝ պրոպագանդելով իրենց սուտ թեզերը:
Այսօր էլ շարունակում են նամակներով սպառնալ, իսկ տեսահոլովակս արգելափակվել էր ճանապարհի փակվելուց 1 օր առաջ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Անդրեն: Բացի այդ, երգիչը սոցիալական ցանցերի իր էջերում ակտիվորեն խոսում է Արցախի ժողովրդի խնդիրներից:
«Լռեցնում են բոլոր նրանց, ովքեր բարձրաձայնում են Արցախի խնդիրը, բայց ես վստահ եմ, որ Աստված Արցախի ու հայ ազգի կողքին է, հավատում եմ, որ մեր վաղը լուսավոր է լինելու ու հաղթական, պետք է, պարզապես, չհեռանալ Աստծուց եւ տեղ չտալ վատ զգացմունքներին»:
Հայրենիքում կատարվող իրադարձությունները ազդել են նաեւ երգչի ինքնազգացողության վրա: Վերջերս նա լուսանկար էր հրապարակել հիվանդանոցից. հարցին ինչպե՞ս է այժմ իրեն զգում, Անդրեն պատասխանեց,-«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր անհանգստանում են: Բազում նամակներ եմ ստանում այդ թեմայով: Ապաքինվում եմ»:
Սյունե Առաքելյան
style.news.am