Այս տողերը Վազգեն Սարգսյանը գրել է 1999 թվականի հոկտեմբերին…

Այս տողերը Վազգեն Սարգսյանը գրել է 1999 թվականի հոկտեմբերին…

Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ հող չէ:

Մեղրին քո տան դուռն է, հայ: Մեղրին քո հացի մայան է:

Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քո վրա:

Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից, ու բանալին կախում ես կրծքիցդ:

Քանի բանալի կար կախված 1915 թվից: Քանիսը կորավ: Քանիսը մնաց:

Իսկ դռները՝ բաց… Տանը հայ չկա:

Թուրք-մուրք չգիտեմ, պատերազմ-մատերազմ չգիտեմ՝ համաշխարհային-մամաշխարհային՝ արդարացում հնարեցինք, թիկունքում պահվեցինք, որ չխոստովանենք՝ 1915 թ. առաջ ու հետո ու հիմա տեր չէինք, չեղանք, տեր չենք դառնում մեր տանը:

Մենք վախենում ենք մեր ուժից: Մեզ վարժեցրել են ուրիշի ուժին:

Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ:

Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես: Քո ուրիշը դու ես:

Ու ոչինչ, որ սկզբից, հին սովորույթի, վախի, անվստահության, չգիտեմ էլ ինչի պատճառով դու քո մեջ քեզ թշնամի ես որոնում, գտնում ու ուրախանում, որ մեղավոր կա:

Ոչինչ, բայց թող դա արագ անցի: Դու դրան մի հավատա. դու ճանապարհ ունես, դու տուն ունես, դու որդի ունես: Մի հավատա, թե քո թշնամին քեզնից ուժեղ է:

Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է:

Ու հիմա՝ Մեղրին: Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած տարածք՝ նույնիսկ Ղարաբաղը:

Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող: Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ՝ սուտ է: Մեծ, համաշխարհային սուտ: Նախ՝ չեն տա, հազար ու մի ձև կա չտալու:

Ղարաբաղը ապացույց, որ հողը գրիչով չեն վերցնում: Չեն տա: Եթե տան, ավելի վատ: Որովհետև իրենք շատ են, իրենք այսօր մեզնից ուժեղ են:

Տվեցին, գալու են ու մեզ ուտեն: Իրենց թվով: Իրենց տնտեսությամբ: Իրենց փողով: Իրենց խելքով: Իրենց շահով:

Ես չեմ վախենում: Ես ոչ մեկից չեմ վախենում:

Ես զգուշացնում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով:

Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի:

Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու ձեր գանգը: Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում:

Եվ նրանց ոտնահետքերով պատմությունը մեռնում է:

Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի մեռեք ձեր տան մեջ:

Ձեր հոգու մեռելներին թաղեք: Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է:

Սիրտը: Ես ձեզ չեմ հասկանում: Ես ձեզնից վախենում եմ, դուք կգնաք ու ձեր զավակների վզից կկախեք Մեղրիի ձեր տան բանալիները, լաց կլինեք, կենաց կխմեք ու կսատկեք կարոտից, բայց զենք չեք վերցնի:

Ես ձեզնից վախենում եմ, դուք մեռոնին թույն կխառնեք…»:

1999 թ. հոկտեմբեր…

Դավիթ Մեհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Понравилась статья? Поделиться с друзьями: