Աղմկոտ ձերբակալություն. ԱԱԾ պետի խորհրդավոր ակնարկը…

Կլինեն աղմկոտ ձերբակալություններ՝ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: Միաժամանակ նա ավելացրել է, թե աղմկոտ՝ հանրության համար, իսկ իրենց համար՝ սովորական:
Ո՞րն է ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարի այդ հայտարարության կամ դիտարկման նրբերանգը: Միարժեք, իհարկե, դժվար է ասել, որովհետև տողատակում կարող են լինել շատ շերտեր: Այդ թվում թերևս այն, որ հակակոռուպցիոն պայքարում Հայաստանում ԱԱԾ-ի համար անսպասելիություններ կամ անակնկալներ լինել չեն կարող, կարող է լինել միայն դրանց հանրայնացման մասին որոշում: ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Մարտիրոսյանն ըստ ամենայնի ակնարկում է, որ Ազգային անվտանգության ծառայությունը հիանալի տիրապետում է Հայաստանում գոյություն ունեցած կոռուպցիոն սխեմային և համակարգին, դրա ամենայն մանրամասնություններով, և ըստ այդմ՝ որևէ մեկը չի կարող մտածել կամ պատկերացնել, թե ինչ-որ բան ենթակա է թաքցվելու կամ քողարկվելու, և իրավապահ համակարգը կամ, մասնավորապես, ԱԱԾ-ն կարող է և չտիրապետել որոշակի գործերի կամ սխեմաների:

Արդյոք զուտ քարոզչակա՞ն բնույթի է ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարի հայտարարությունը, թե՞ իրադրությունն իսկապես գտնվում է այդ մակարդակի վրա: Խոշոր հաշվով, հավանական է թե՛ մեկը, թե՛ մյուսը: Համենայնդեպս, երկրորդ հանգամանքն էլ իր հերթին միանգամայն տրամաբանական է՝ նկատի ունենալով այն, թե ինչպիսին էր Հայաստանում գոյություն ունեցած համակարգի տրամաբանությունը:

Տրամաբանությունը հուշում էր, որ ամեն ինչ պետք է պարզ լինի բոլորի համար՝ համակարգում ներառված բոլոր առանցքային խմբերի և դերակատարների: Տեղեկատվության բազան փակ էր միայն լայն հանրության համար: Իհարկե, ամեն ինչ ասվածը չի ենթադրում պետական կարևոր քաղաքական գործեր, որոնք պետական գաղտնիության ռեժիմի ներքո են, և կարող էին տիրապետել մի քանի անձ: Ամեն ինչը տվյալ պարագայում համակարգի, այսպես ասած, տնտեսական-ստվերային-կոռուպցիոն սխեման է և բովանդակությունը:

Բանն այն է, որ այն, այսպես ասած, համակարգի բոլոր էական դերակատարների «ձեռքի տակ» լինելն էր ներհամակարգային կայունության երաշխիքը: Իսկ այն ապահովելու միջոցները անշուշտ իրավապահ կառույցներն էին, մասնավորապես և առանցքային առումով՝ ԱԱԾ-ն: Ի վերջո, հենց այդ ամբողջ պատկերով է, որ դրանից որևէ շեղում պետք է դառնար ներքին քննարկումների կամ «դատի» հիմք, եթե որևէ մեկը խախտեր պայմաններն ու կանոնները:

Ըստ այդմ՝ Էդուարդ Մարտիրոսյանն ակնարկում է, որ ԱԱԾ-ի համար իսկապես չկա որևէ փակ սխեմա կամ մեխանիզմ, հետևաբար չկա անակնկալ: Իսկ ահա, թե ում համար կարող է անակնկալ լինել որևէ նոր զարգացում, դա արդեն ԱԱԾ պետի հետաքրքիր ազդակ է: Դրա հասցեատերը հաստատապես լոկ հանրությունը չէ:

Понравилась статья? Поделиться с друзьями: