Lragir.am-ը գրել է.
Նախորդ օրերին ադրբեջանական զինուժը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանակից բնակավայրերն ու մարտական դիրքերը: Հայկական կողմից կորուստներ չկան…
Սիրիայում ռուս-թուրքական բախումների կապակցությամբ փորձագետները կարծիք են հայտնում, որ Թուրքիան կարող է Ադրբեջանի միջոցով լարվածություն սադրել սահմաններին, Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով…
Ռուս փորձագետները նշում են, որ ռազմական գործողությունների դեպքում Ռուսաստանը հայտնվելու է բարդ իրավիճակում, քանի որ մի կողմից Հայաստանն իր դաշնակիցն է, բայց Մոսկվան չի ցանկանա Ադրբեջանի հետ փչացնել հարաբերությունները…
Փորձագետները չեն բացառում նաեւ, որ Իդլիբում անվտանգության գոտիների շուրջ ռուս-թուրքական պայմանավորվածությունները կարող են կիրառվել նաեւ Արցախի պարագայում…
Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Ռուսաստանը ցանկանա, իրենք արագ կլուծեն Ղարաբաղի խնդիրը: Ըստ էության, այսպես կոչված Լավրովի պլանն իր հիմնական մասով լիովին ձեռնտու է թուրքական կողմին, որի վկայությունը Մյունխենում Ալիեւի հայտարարությունն էր փուլային լուծման վերաբերյալ…
Ղարաբաղի խնդրի կապակցությամբ արտահայտվել է նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանը, ով Բաքվում հայտարարել է, որ Ղարաբաղի խնդիրը նաեւ Թուրքիայի խնդիրն է: Բաքու կատարած այցի ընթացքում Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ կնքվել են մի շարք համաձայնագրեր, որոնք վերաբերում են տնտեսական, կոմունիկացիոն եւ ռազմական համագործակցությանը: Ընդ որում, այդ համաձայնագրերի մի մասը վերաբերում է Նախիջեւանին, որը, փորձագետների կարծիքով, վկայում է Նախիջեւանը լիովին ինտեգրելու մտադրության մասին…
Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը չի բացառում, որ Էրդողանին հաջողվել է համոզել Ալիեւին Թուրքիային հանձնել Նախիջեւանը, դրա դիմաց խոստանալով համոզել Ռուսաստանին՝ Արցախը հանձնել Ադրբեջանին: Սա այնքան էլ հեռու չէ իրականությունից, նկատի առնելով ռուս-թուրքական քաղաքական հարաբերությունների ավանդական սխեմաները մասնավորապես հայկական հարցով…
Սիրիայում ներկայում Թուրքիան հայտնվել է բավական բարդ իրավիճակում, երբ մի կողմից Արեւմուտքը մերժել է գործուն աջակցությունը եւ Ռուսաստանի հետ հակասությունների վրա խաղալու փորձերը, մյուս կողմից Թեհրանն ու Մոսկվան բավական անզիջում դիրք են գրավել թուրքական պահանջների հանդեպ: Այս պայմաններում, փորձագետները չեն բացառում, որ Իդլիբում համաձայնությունների դիմաց Անկարան կարող է պահանջներ դնել Արցախի խնդրում…
Ռուսաստանի հարցում Բաքվի ու Անկարայի հույսերը հիմնված են պատմական իրողությունների վրա, երբ 1915-1917 թթ. 1921-1923 թթ, 1936-1946 թթ. Ռուսաստանը գործուն մասնակցություն է ունեցել հայերի ցեղասպանությանը եւ հայկական տարածքների օկուպացիային: Ընդ որում, Ռուսաստանը պարտադրված չէր գնալ այդ քայլերին, այդ թվում՝ 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերին: Թուրքիան տեւական ժամանակ խաղում է Մոսկվայի աշխարհքաղաքական բարդույթների ու հավակնությունների վրա, եւ մինչ այժմ՝ հաջողությամբ…
Այս ֆոնին, Բաքուն սկսել է կրակել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ: Արդյոք սա Բաքվում ձեռք բերված թուրք-ադրբեջանական պայմանավորվածությունների շրջանակում է, թե Բաքվի ինքնագործունեությունը: Եվ ինչ են անելու ՀԱՊԿ-ը, հայ-ռուսական միացյալ կազմավորումը, որի կազմում է Գյումրիի ռազմական բազան եւ որի «իրավասության» շրջանակում է Նախիջեւանի հատվածը, Բաքվի հետ հարաբերությունները չփչացնելու Մոսկվայի քաղաքական հավատամքի պայմաններում…
Ռուսաստանը բարդ իրավիճակում է հայտնվել իր հայկական ուղղությամբ հարյուրամյա քաղաքականության հետեւանքով: Այս իրավիճակը կարելի է շտկել սկզբի համար Արցախի ճանաչմամբ եւ 1921 թ. պայմանագրի հետեւանքները շտկելու միջոցով, որը նախեւառաջ նշանակում է Նախիջեւանի վերադարձը Հայաստանին…