ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը հայտարարել է, որ կան հակակոռուպցիոն գործեր եւ կլինեն աղմկոտ ձերբակալություններ: Օրերս վարչապետը դժգոհել էր կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունից եւ խոսել նաեւ իրավապահ կառույցներում արգելակող պաշտոնյաների, «դավաճանների» մասին:
Աղմկոտ ձերբակալությունները, որ ազդարարում է ԱԱԾ պետի պաշտոնակատարը, լինելու՞ էին, եթե չլիներ վարչապետի դժգոհությունը, թե՞ դրանք պայմանավորված են դժգոհությամբ, իսկ դժգոհությունն էլ, օրինակ, կարող է պայմանավորված լինել հանրաքվեի քարոզարշավային տրամաբանությամբ:
Մյուս կողմից, կոռուպցիայի դեմ պայքարը Նիկոլ Փաշինյանի համար իրավիճակային խնդիր չէ, եւ անգամ համոզմունքի կամ արժեհամակարգի հարց չէ: Դա շատ կոնկրետ քաղաքական հարց է, քաղաքական հեռանկար պայմանավորող հանգամանք: Որովհետեւ Նիկոլ Փաշինյանի քաղաքական խնդիրները սկսվելու են այնտեղ, որտեղ ավարտվելու կամ կանգ է առնելու կոռուպցիայի դեմ ինտենսիվ պայքարը: Եվ խոսքը լոկ վարկանիշի մասին չէ, այլ ընդհանրապես Հայաստանում ցանցային իրավիճակի:
Հեղափոխությունը Հայաստանում քանդում է կոռուպցիոն ցանցը: Բայց այլ ցանց չկա, եթե անգամ Փաշինյանին հաջողվում է իհարկե որոշակի վայրիվերումներով, այդուհանդերձ կայունացնել պետական կառավարման համակարգի մեխանիզմը եւ դնել այն օրինականության ռելսերի վրա:
Բանն այն է, որ կոռուպցիան Հայաստանում լոկ կառավարման համակարգի մոտիվացիոն բազա կամ գործարկման սխեմա չէր: Այն ավելին էր նաեւ իր որոշակի հասարակական ցանցային բնույթով, այն կարգավորում էր բազմաթիվ այլ հարաբերություններ, ընդհանրապես հասարակական կյանքն ինքնին, անգամ եթե հանրային շրջանակներ ու անհատներ դժգոհ էին եւ մերժում էին այդ համակարգը:
Ի վերջո, հանրային կյանքը պետք է կարգավորվի ցանցային սխեմաներով, այդ տրամաբանության մեջ գործունակ ինստիտուտներով: Այդտեղ է հետհեղափոխական ժամանակի կարեւոր բացերից մեկը:
Եվ այստեղ առաջանում է մեկ այլ խնդիր՝ կոռուպիոն նախկին ցանցը մի առումով արմատախիլ լինելով պետական կառավարման համակարգում, մյուս կողմից ստեղծում է մեկ այլ միտման ռիսկ՝ ցանցավորվել հանրային ինստիտուտների տեսքով: Այսինքն, եթե նախկինում այդ համակարգը պետական կառավարման համակարգի ցուցանակի ներքո էր, ապա այժմ տնօրինած ռեսուրսները կարող է տեղափոխել այսպես ասած զանազան հանրային նշանակության ցուցանակների ներքո, ձեւավորելով «զուգահեռ իրականությունը»:
Ընդ որում, գործընթացը նկատելի է: Եվ ակնառու է, որ փոխվելով եւ արդիականացվելով ձեւով, արժեհամակարգով ու մտածողությամբ այդ սեգմենտը մնում է բացարձակապես նույնը, հենվում նախկին որակները կրող շերտերի կամ խմբերի վրա: Ձեւի եւ բովանդակության համաժամանակյա արդիականացումը, անշուշտ, կարող է լինել ողջունելի գործընթաց, եթե անգամ կառուցվում է կուտակման առումով օրինականության հետ խնդիր ունեցած ռեսուրսով:
Բայց ձեւը փոխվում է, իսկ բովանդակությունն ու պատկերացումները՝ մնում նույնը, նախկինում գործած ցանցը՝ իր բնույթով, զգալիորեն մնում նույնը:
Իսկ դա ժամանակի ընթացքում կարող է ունենալ կառավարման համակարգ «հետնամուտքից ներթափանցելու» ռիսկ, եւ վարչապետն անկասկած պատկերացնում է դա եւ դրա թիրախում կամ ծուղակում հայտնվելու վտանգը:
Ահա այդ իմաստով, հակակառուպցիոն պայքարը պետք է ենթադրի ոչ միայն աղմկոտ ձերբակալություններ, այլ նաեւ «աղմկոտ» նորարարություն հասարակական հարաբերությունների դաշտում, հասարակական-քաղաքական նոր ցանցերի խթանում՝ ոչ միայն ձեւով, այլեւ բովանդակությամբ: